Ռոս-թուրքական պատերազմ 1918-1920

«1918 թ. Մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարութիւնն ընդունեց Քառեակ միութեան բոլոր պահանջները: Համաձայն պայամանագրի չորրորդ յօդուածի եւ ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի՝ Թուրքիային էին յանձնւում ամբողջ Արեւմտեան Հայաստանը եւ Կարսի մարզը»(3):
Թուրքերին յանձնուեցին նաեւ Արտահանի եւ Պաթումի շրջանները, այլ կերպ ասած՝ «պոլշեւիները ոչ միայն ամբողջ Թուրքահայաստանը յանձնում էին թուրքերին, այլեւ վերադիր Ռուսահայաստանի երեք կարեւոր շրջանները:

Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը աւելի եւս արձակեց թուրքերի ձեռքերը: Նրանք չմնացին ռուս-թուրքական սահմանագծի վրայ եւ շարժուեցին դէպի Կովկասի ներսը՝ իրենց հետ բերելով աւեր ու կոտորած»(4):

Թուրքական զօրքերի Այսրկովկաս արշաւանքի ֆոնին Չիչերինն ու Կարախանը Անդրկովկասի կոմիսարիատին գրում են.
«Հայերի հետագայ ճակատագրի պատասխանատուութիւնը ընկնում է Գերմանիայի վրայ, որովհետեւ նրա պահանջով էր, որ ռուս զօրքերը դուրս հանուեցին հայկական շրջաններից, եւ այժմ նրանից է կախուած թուրքական զօրքերի զսպումը սովորական բռնութիւններից»(5):

Արձանագրե՛նք՝ սա մինչեւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրումն է, եւ, այսպէս կոչուած, «վերլուծաբանները» չեն կարող պնդել, որ սրա պատճառը դեռեւս գոյութիւն չունեցող Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան «հակառուս» դիրքորոշումն էր: Ընդհակառակը՝ անկախութեան հռչակումից յետոյ Հայաստանը Այսրկովկասում միակն էր, որը հակառուսական դիրքորոշում չորդեգրեց.

«Անդրկովկասի հանրապետութիւնների անկախութեան հռչակումից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը զերծ մնաց հակառուսական տրամադրութիւններից: Աւելին՝ հայութիւնը միակն էր Անդրկովկասում, որ մինչեւ վերջ դիմագրաւեց հակառուսական դաշինք ստեղծելու առաջարկներին… եւ կողմնորոշուելով դէպի Եւրոպա՝ Հայաստանի Հանրապետութիւնը դրանով հանդերձ շարունակում էր կապեր պահպանել Ռուսաստանի տարածքում ստեղծուած զանազան կառավարութիւնների եւ գրեթէ բոլոր քաղաքական ուժերի հետ»(6):

Նորաստեղծ Հայաստանի Հանրապետութիւնը հարեւանների եւ Անտանտի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց զատ՝ փորձում էր կապեր հաստատել այդ շրջանում Ռուսաստանում գոյութիւն ունեցող բազմաթիւ իշխանութիւնների հետ:

«Հայաստանն ի սկզբանէ իր ներկայացուցիչներն ունէր նաեւ Ռուսաստանի նախկին կայսրութեան տարածքում գործող կառավարութիւնների մօտ (Դենիկինի՝ Հարաւային Ռուսաստանի, Կոլչակի՝ Սիպիրի, Կուբանի եւ Դոնի կառավարութիւններ, Ուքրանիա եւ այլն): 1918 թ. դիւանագիտական շփումներ հաստատելու առաջին փորձերն արուեցին նաեւ Խորհրդային Ռուսաստանի հետ, բայց այս ուղղութեամբ լուրջ քայլերն արուեցին միայն 1920 թ»(7):

1918-1919 թթ. Ռուսաստանում դեռեւս անորոշ էր քաղաքացիական կռիւների ելքը, այդ կռիւներում առաւելութիւնը կարծես թէ Անտոն Դենիկինի կողմն էր, որի հետ էլ Հայաստանը լաւ յարաբերութիւններ էր հաստատել:

«1920 թ. սկզբներին, սակայն, ակնյայտ դարձաւ Խորհրդային Ռուսաստանի առաւելութիւնը: Կարմիր բանակը յայտնուեց Անդրկովկասի մատոյցներում՝ ազդարարելով Ռուսաստանի վերադարձը տարածաշրջան»(8):

Հայաստանի կառավարութիւնը քայլեր ձեռնարկեց Խորհրդային Ռուսաստանի հետ լաւ յարաբերութիւններ հաստատելու ուղղութեամբ, այդ նպատակով «դեռեւս Ապրիլի վերջին Երեւանում Լեւոն Շանթի գլխաւորութեամբ կազմուեց պատուիրակութիւն, որը Մայիսի 20-ին ժամանեց Մոսկուա»(9)։

Բանակցութիւնները սկզբում յաջող էին Հայաստանի համար, «ռուսական կողմը պատրաստակամութիւն էր յայտնում ճանաչել Հայաստանի անկախութիւնը եւ չմիջամտել նրա ներքին գործերին, ընդունում էր նաեւ հայկական պահանջների արդարացի լինելը Զանգեզուրի եւ Ղարաբաղի հարցում: Ցանկութիւն էր յայտնւում իրաւարարի դեր խաղալ հայ-թուրքական վէճում եւ հանդէս գալ Հայաստանի ու Մուսթաֆա Քեմալի միջեւ միջնորդի դերում»(10):

Իրավիճակը եւ Խորհրդային Ռուսաստանի վերաբերմունքը դէպի Հայաստանը կարճ ժամանակ անց կտրուկ փոխուեցին, մի կողմից՝ խորհրդայնացուած Ատրպէյճանի կառավարութեան, միւս կողմից՝ հայ պոլշեւիկների ջանքերով.

«Մոսկուայի բանակցութիւնները տեղի ունեցան հայ պոլշեւիկների մայիսեան ապստամբութեան ճնշումից յետոյ՝ Անդրկովկասում կոմունիստների շրջանում սկսուած հակահայաստանեան հիստերիայի պայմաններում: Վրէժխնդրութեան մոլուցքով տարուած հայ պոլշեւիկները Հայաստանին տրուած գնահատականներում յետ չէին մնում ատրպէյճանցիներից»(11):

Հայաստանում կատարուած դէպքերը պոլշեւիկները ծայրաստիճան չափազանցուած էին ներկայացնում եւ ատրպէյճանցի կոմունիստների հետ միաւորուած պահանջում էին «դաշինք չկնքել Հայաստանում «բանուորների ու գիւղացիների կոմունիստական յեղափոխութիւնը» խեղդող եւ «կոմունիստներին անխնայ կոտորող» կառավարութեան հետ»(12)։ Հայ պոլշեւիկների նման հակապետական հիստերիան ու զրպարտութիւնը հասցրին նրան, որ «Չիչերինը Յունիսի 4-ին «մեծ վրդովմունքով» հեռագիր-բողոք է ուղարկում Երեւան Հայաստանում իբր թէ կատարուող գնդակահարութիւնների դէմ:

Եւ, ի միջ ի այլոց, ասում է, թէ «գնդակահարուած է ընկ. Միկոյեանը»(13). այս «գնդակահարուած» Միկոյեանը, ի դէպ, Անաստաս Միկոյեանն էր, որը մահացաւ միայն 1978 թ.: Այս ամէնը, ի հարկէ, չէր կարող իր բացասական հետեւանքը չունենալ հայ-ռուսական յարաբերութիւնների վրայ:
Բացի այդ՝ «Լենինի համար Հայկական հարցը միայն մէկ արժէք ունէր՝ պայքարի զէնք՝ հակառակորդների դէմ: Եւ նա մէկից աւելի անգամներ իր ճառերում ու յօդուածների մէջ օգտագործեց այդ զէնքը»(14):

Այս ամէնի հետ մէկտեղ Հայաստանի Հանրապետութեան հետագայ ճակատագիրը որոշեց պոլշեւիկ-քեմալական դաշինքը, որը ձեւաւորուեց Անտանտի դէմ պայքարում՝ շահերի համադրմամբ:

Այս առումով հետաքրքիր են դեռեւս 1920 թ. Ապրիլի 26-ին Լենինին ուղղուած նամակում Մուսթաֆա Քեմալի առաջ քաշած թեզերը: Այդ նամակում «Մուսթաֆա Քեմալը շօշափել էր «իմպերիալիստական» Հայաստանի դէմ ռազմական գործողութիւններ սկսելու հարցը»(15):

1920 թ. Յուլիսին Պեքիր Սամի գլխաւորած պատուիրակութիւնը ժամանեց Մոսկուա, որտեղ Օգոստոսի 24-ին համաձայնեցուեց ռուս-թուրքական «սրտագին եւ անկեղծ բարեկամութեան» պայմանագրի նախագիծը, որով «Ռուսաստանը ճանաչում էր 1920 թ. Յունուարին ընդունուած «Ազգային ուխտը», որով Թուրքիա ասելով՝ հասկանում էին թուրքաբնակ բոլոր տարածքները: Այդ փաստաթղթով, ըստ էութեան, կանխորոշւում էր Արեւմտեան Հայաստանի եւ Կարսի մարզի ճակատագիրը»(16):

Այսպիսով՝ Խորհրդային Ատրպէյճանի կառավարութեան բողոքները, պոլշեւիկ-քեմալական դաշինքը եւ նրանց հետ գործակցող հայ պոլշեւիկների հակապետական գործունէութիւնը դարձան հայ-ռուսական բանակցութիւնների ձախողման եւ Հայաստան-Խորհրդային Ռուսաստան դաշինքի տապալման գլխաւոր գործօնները, ինչը Հայաստանի համար անկախութեան ու տարածքային կորուստներ եւ բազմաթիւ մարդկային կեանքեր արժեցաւ:

Ինչեւէ, հայ եւ ռուս պոլշեւիկներին իրենց հակահայկական գործունէութեամբ թողնենք իրենց տեղում եւ գանք մեր օրեր, մասնաւորապէս՝ «յետյեղափոխական» Հայաստան: Այսպիսով՝ ակնյայտ է, որ Հայաստանը զոհաբերուեց արտաքին ուժերի շահերին, եւ հայկական կորուստները պայմանաւորուած չէին Հայաստանի իշխանութիւնների, այսպէս կոչուած, հակառուսական քաղաքականութեամբ: Մի բան, ինչի մասին վերջին շրջանում տարբեր տեսակէտներ են հնչում՝ անհիմն կերպով իրար նմանեցնելով այն ժամանակի եւ մեր օրերի Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը Ռուսաստանի նկատմամբ:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՆ ՈՒ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայ ժողովուրդը հայտնի է իր հյուրընկալությամբ, ջերմությամբ եւ խաղաղությամբ: Տեղացիները հաճելիորեն զարմացնում են զբոսաշրջիկներին իրենց անմիջականությամբ, անկեղծությամբ և առատաձեռնությամբ։ Հայերն աչքի են ընկնում նաև հարգալից վերաբերմունքով տարեցների նկատմամբ: Մեծահասակների դերը շատ է կարևորվում հատկապես ընտանիքում։ Հայերն ավանդապաշտ ազգ են և ունեն բազում սովորույթներ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ:

Ի տարբերություն կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների, որոնք նշում են Սուրբ Ծննդյան տոնը համապատասխանաբար դեկտեմբերի 25-ին և հունվարի 7-ին, Հայ Առաքելական եկեղեցին այն տոնում է հունվարի 6-ին:

1992-ից ի վեր ամեն տարի հունվարի 28-ին հայերը նշում են Հայկական բանակի օրը։ Փետրվարյան տոներից է Տրնդեզը։ Այն նշվում է ամեն տարի փետրվարի 14-ին (փետրվարի 13-ի երեկոյից սկսած): Այս տոնը համարվում է գարնան ավետաբեր, առատ բերք ու բարիքի, նոր ամուսնացող զույգերի բարօրության, պտղաբերության նախագուշակ: Տոնի խորհուրդը խարույկ վառելն է, քանի որ հնում հայերը հավատում էին, որ կրակը խափանում է չարը: Երիտասարդներն ու նորապսակները խարույկի վրայով ցատկում են, որպեսզի կատարվեն իրենց նպատակները, տարին բարի լինի, նորահարսներն էլ մայրանան: Այս տոնին Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Մինչ այլ ազգերը տոնում են Սուրբ Վալենտինի օրը, փետրվարի 14-ին հայերն ունեն իրենց սիրահարների տոնը՝ Սուրբ Սարգսի օրը:

Ապրիլի 7-ին հայերը նշում են Մայրության և գեղեցկության տոնը:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օր է: Ամեն տարի ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրքն են մատուցում 1915 թվականի 1, 5 մլն զոհերի հիշատակին:

Հաղթանակի և խաղաղության տոնը նշվում է մայիսի 9-ին։ Այն համընկել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի ազատագրման օրվա հետ:

Մայիսին հայերը տոնում են նաև Առաջին Հանրապետության օրը։ Այն նշում են մայիսի 28-ին: Այդ օրը 1918 թվականին առաջին անգամ հռչակվեց Հայաստանի անկախությունը:

Վարդավառը նշվում է Սուրբ Զատկից 14 շաբաթ անց՝ հուլիսի վերջին: Ժողովրդական տոնը հին ծագում ունի և կապվում է ջրի պաշտամունքի հետ: Այդ օրը հայերը միմյանց վրա ջուր են ցողում:

Խաղողօրհնեքը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը: Այդ օրը մարդիկ նաև եկեղեցի օրհնելու են բերում առաջին անգամ քաղած խաղողը։ Խաղողի պաշտամունքը հին սովորություն է. նախաքրիստոնեական Հայաստանում խաղողը հատուկ ծիսակարգով օրհնել է արքան կամ քրմապետը:

Հայաստանի Հանրապետության անկախության տոնը նշվում է սեպտեմբերի 21-ին: Հայաստանի Հանրապետության անկախությունը հռչակվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին կայացած համաժողովրդական հանրաքվեի արդյունքով:

1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Սպիտակ քաղաքում տեղի ունեցավ աղետալի երկրաշարժ, որը խլեց մոտ 25 000 մարդու կյանք: Ամեն տարի այս օրը նշվում է որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի օր:

Հայ ազգին բնորոշ սովորույթներն ու ավանդույթները ձևավորվել են դարերի արդյունքում։ Ընդունված է կարծել, որ հայերը տաքարյուն են, դրական և անեղծ: Հայերը շատ հոգատար են իրենց երեխաների նկատմամբ, և ամեն ինչից վեր են դասում ընտանիքը:

Հարսանեկան արարողությունները, որպես կանոն, մեծ տոնակատարություններ են, նախկինում հարսանիքները տևել են 7 օր և 7 գիշեր։ Սովորաբար հայ երիտասարդները ամուսնանում են միմիայն ծնողների համաձայնությամբ: Փեսացուի ծնողներն այցելում են հարսնացուի ընտանիք, բանավոր պայմանավորվածություն ձեռք բերում. այս երևույթը կոչվում է «խոսք ուզել» կամ։ Հայերը կարևորում են եկեղեցով ամուսնությունը:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы