Զգայություններ և ընկալում

Զգայությունը արտաքին և ներքին միջավայրերի վիճակի և հատկությունների մտավոր արտացոլանքն է, որն առաջանում է օրգանիզմի համապատասխան զգայարանների վրա գրգիռների անմիջական ազդեցության հետևանքով։ Մարդու մոտ զգայություններն առաջանում են տեսողության, լսողության, համի, հոտի, ցավի զգացումների տեսքով, շոշափողական զգացումը, մկանային զգայությունը և այլն։ Զգայությունների շնորհիվ հնարավոր է դառնում աշխարհի առանձնահատկությունների , միջավայրի ճանաչումը։ Այն նաև անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում ավելի բարդ իմացական գործընթացներին՝  ըմբռնման  և  մտածողության  զարգացման համար: Զգայության հիմնական տեսակներն ըստ զգայարանների լինում են՝ տեսողության, համի, հոտի, լսողության և շոշափելիքի: Սակայն մեկ այլ դասակարգման, որն առաջարկել է Շերինգտոնը զգայությունները լինում են՝ ինտերոցեպտիվ, էսքտերոցեպտիվ և  պրիոպրոցեպտիվ:

Էքստերոցեպտիվ զգայությունները  մարդուն տեղեկություն են տալիս իր մարմնից դուրս գտնվող երևույթների ու գործընթացների մասին՝ նրան կապելով արտաքին աշխարհի հետ։
Էքստերոցեպտիվ  զգայությունները լինում են.
կոնտակտային` երբ գրգռիչները ազդում են մարմնի մակերեսի կամ անմիջականորեն մաշկի տակ գտնվող ռեցեպտորների վրա (շոշափելիքի, համի)
դիստանտային` երբ գրգռիչները ազդում են զգայությունների վրա որոշակի տարածությունից (տեսողական, լսողական)
հոտառական զգայությունները միջանկյալ դիրք են գրավում։ (կոնտակտ-դիստանտային են):

Ինտերոցեպտիվ զգայությունները  առաջանում են մարդու ներքին օրգաններում գտնվող ռեցեպտորների վրա գրգռիչների ազդեցությունից։ Ինտերոցեպտիվ զգայությունները առավել քիչ գիտակցված և առավել շատ դիֆուզվող զգայությունների թվին են դասվում և միշտ մոտ են հուզական վիճակներին։ Հաճախ այս զգայությունները անվանում են նաև օրգանական։

Պրոպրիոցեպտիվ զգայություններն  առաջ են գալիս, երբ գրգռվում են մկաններում և հոդակապերում տեղավորված հատուկ տեսակի ռեցեպտորները, որոնք ուղեղին տեղյակ են պահում մարմնի զանազան մասերի տարածության մեջ գրաված դիրքի մասին։

Ընկալում (ըմբռնում) — զգայական իմացության ձև է։ Այն առարկաների հետ փոխներգործության ընթացքում մարդու հոգեկանում առաջացած ամբողջական պատկերն է։ Ընկալումը զգայության հետ աշխարհի իմացության ելակետն է, ինֆորմացիայի ընդունման ու մշակման պրոցեսների բարդ համակարգը։  Գոյություն ունեն ընկալումների դասակարգման մի շարք մոտեցումներ։ Ինչպես և զգայությունների դեպքում, ընկալումը նույնպես կարելի է դասակարգել ըստ զգայության օրգանների՝ տեսողական, լսողական, համի, հոտառության և շոշափական։

Advertisement

Ընկալման առանձնահատկություններն են

1. Առարկայնությունը, որը պատասխանատու է արտացոլելու շրջապատող առարկաները և երևույթներն առանձին։ Այն ընկալման բնածին հատկություն չէ։ Վերջինիս ծագումը և կատարելագործումը կատարվում է կյանքի ընթացքում:
2. Ապերցեպտիվությունը կախված է մարդու անցյալի փորձի հետ:
3. Ամբողջականությունը  արտացոլում է առարկայի առանձին հատկանիշները, ընկալումը տալիս է առարկայի ամբողջական պատկերը։ Այն հիմնված է առարկայի առանձին հատկանիշների վերաբերյալ տարբեր զգայություններից ստացված ինֆորմացիայի ընդհանրացման վրա։
4. Կառուցվածքայնությունը ընկալման և  զգայությունների ուղղակի համագումար չէ։ Մարդն ընկալում է զգայություններից վերացարկված կառուցվածք, որը ձևավորվում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում։
5. Հաստատունությունը առարկայի որոշակի հատկանիշների համեմատական հաստատունությունն է, ընկալման պայմանների փոփոխության դեպքում։ Օրինակ՝ գույնի ընկալումը հաստատուն է լուսավորության պայմանների փոփոխության դեպքում։ Առանց հաստատունության՝ մարդը չի կարող կողմնորոշվել շարունակ փոփոխվող աշխարհում։
6. Իմաստավորվածություն- ընկալվող ինֆորմացիայի իմաստավորումը կարելի է ներկայացնել կառուցվածքային-տրամաբանական սխեմայով։ Առաջին փուլում տեղի է ունենում ինֆորմացիայի հոսքից ընկալման օբյեկտի առանձնացում։ Երկրորդ փուլում հիշողության մեջ փնտրվում է նման հատկանիշների կոմպլեքս, որով կարելի է նույնականացնել առարկան։ Երրորդ փուլում ընկալված առարկան դասվում է որոշակի կատեգորիայի մեջ։ Չորրորդում՝ ձևավորվում է ընկալված առարկայի վերջնական, ամբողջական պատկերացում։
7. Ընտրողականությունը որպես առանձնահատկություն-. ժամանակի յուրաքանչյուր պահին մենք ընկալում ենք կամ մեկ կամ առարկաների որոշակի խումբ, երբ մյուս օբյեկտները դառնում են մեր ընկալման ֆոնը։
8. Ընդհանրացվածություն. վերջինս նշանակում է յուրաքանչյուր պատկերի դասումը առարկաների որոշակի կատեգորիայի մեջ, որոնք ունեն անվանում։

Ընկալումն անցնում է զարգացման բարդ և երկար ընթացք։ Ըստ տարիքի զարգացմանը զուգընթաց ընկալումների ձևը, որակը փոխվում է։ Օրինակ՝ նորածնի ընկալումը շատ դիֆուզ է, ընդ որում նա ընկալում է ոչ թե առանձնացված առարկաներ, այլ նրանց դիֆուզ /առանձին/ հատկանիշները՝ գույներ, վառ արտահայտված գծեր։ Դա է պատճառը, որ շրջապատող միջավայրի նկատմամբ երեխայի ռեակցիան մեծապես կախված է, օրինակ՝ մոր դիրքից, արձագանքից, ժպիտից, հագուստի գունավորումից։

Ինչպես նշում է Բորիս Տեպլովը, երեխայի մոտ առարկայական ընկալման նախնական նշանները ի հայտ են գալիս 2-4 ամսականում, երբ նորածինն ընկալում է միմիկա, հայացք։ 5-6 ամսականում երեխայի մոտ նկատվում է առարկայի ֆիքսման հնարավորությունների մեծացում։ Կարելի է ասել, որ այս շրջանից սկսվում է ընկալման բուն զարգացումը։ Շատ հոգեբանների կարծիքով,  ընկալման զարգացումը շարունակվում է նաև ավելի մեծ տարիքում։ Նախադպրոցական տարիքից կրտսեր դպրոցական տարիքին անցման ժամանակ, հատկապես խաղերի և կառուցողական գործունեության ազդեցության տակ, երեխայի մոտ ձևավորվում է տեսողական ընկալման բարդ ձևեր, ինչպես նաև ընկալված օբյեկտը մասերի բաժանելու ունակություն, հետազոտելու այդ մասերը, ապա միավորելու մեկ ամբողջության մեջ։

Նախադպրոցական տարիքի առաջին շրջանում / 3-4 տարեկան/ երեխան համեմատում է, հետազոտում, կատարում է ընդհանրացումներ, դասակարգումներ, խմբավորում է առարկաները, ընկալում է առարկայի գույնը, ձևը, չափը։

4-5 տարեկանում կարողանում է բազմազան նկարներից և նյութերից խմբավորել, տեսակավորել նման հատկանիշներով առարկաները։ Պլաստիլինից պատրաստում են պարզ, կիրառելի, ամենօրյա իրեր։

Երեխայի ընկալումը բուռն կերպով զարգանում է դպրոցական տարիքում, ընդ որում այն ներառում է մի քանի փուլ։ Ընկալման զարգացման կարևոր նախապայման է  հանդիսանում մարդու աշխատանքային ոլորտը՝  նկարելու, կարդալու, երգելու և այլնի հետ կապված ճանաչողական գործունեությունը։ Երեխայի համար շատ կարևոր է խաղը, որի ընթացքում նա ոչ միայն մեծացնում, լայնացնում  է իր շարժողական փորձը, այլև շրջապատի առարկաների մասին պատկերացում է ձևավորում։

Ընդ որում, երեխայի և մեծահասակի ընկալման տարբերություններից մեկն այն է, որ երեխան, օրինակ՝ սխալվում է առարկայի տարածական հատկանիշները գնահատելիս, իսկ մեծահասակը՝ ոչ։  Երեխայի համար ՝հատկապես նախադպրոցականի,  դժվար է  ժամանակի ընկալումը. նա դժվարանում է տարբերակել «այսօր», «վաղը», «երեկ», «մեկ ժամից» և նմանատիպ հասկացությունները։ Այս ամենն, իհարկե, կախված է երեխայի գիտելիքների, անհատական փորձի պակասից։ Հետագայում հատկապես խոսքի, մտածողության զարգացման հետևանքով, ընկալումը երեխայի մոտ դառնում է ավելի ամբողջական։

Նյութը վերցված է Տաթև ԱՎետիսյանի բլոգից.

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы