Համո Սահյան։ Բանաստեղծություններ

Կածանն ինձ տաներ

Կածանն ինձ տաներ անտառը՝ ցախի,
Անտառն իմ գլխին ուլունքներ թափեր։
Սուլոցի փոխվեր սարսուռն իմ վախի,
Եվ ոչ մի շշուկ ոտքս չկապեր։

Կացինս թողած կաղնու փչակում,
Պարանս ժայռի փեշերին թողած,
Շապիկիս թևքը՝ մասրենու ճանկում,
Փեշքը՝ մոշենու փշերին թողած,

Թռչեի թրջված հավքի ետևից
Եվ չբռնեի մինչև իրիկուն…
Հարցնեի հողից, ջրից, աստղերից.—
Գտնեի կածանն ու դառնայի տուն:

Հայրս ինձանից բան չհարցներ,
Չնայեր ոչ մի խնդիրք ու լացի,
Ինձ «պարան, կացին ու ցախ դարձներ» …
Եվ մայրս կանչեր իրիկնահացի։

Քթիցս կարծես ծուխ է բարձրանում…
Ինչո՞ւ է կորածն այսքան քաղցրանում։

ՈՉԻՆՉ ՉԻ ՓՈԽՎԻ

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Ու չի պակասի աշխարհում ոչինչ,-

Մի լույս կմարի հինգերորդ հարկում,

Կմթնեն մի պահ աչքերը քո ջինջ։

Բայց հավքերն էլի հարավ կչվեն,

Մանուկներն էլի կխաղան բակում,

Կանաչներն էլի ցողով կթրջվեն,

Ծաղիկներն էլի կշնչեն մարգում։

Կվառվի լույսը հինգերորդ հարկում,

Կժպտան նորից աչքերը քո ջինջ,

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում,

Եվ չի պակասի աշխարհում ոչինչ։

Հոգնել եմ

Հոգնել եմ արդեն հանդարտ հոսելուց, 

Իմ մտքերի հետ մթնում խոսելուց, 

Սեթևեթ խոսքից, սեթևեթ սիրուց

Հոգնել եմ արդեն: 

Հոգնել եմ թաքուն ալեկոծվելուց, 

Առ ու ծախի մեջ այսքան փորձվելուց, 

Կշտամբանքներով ռմբակոծվելուց

Հոգնել եմ արդեն: 

Հոգնել եմ արդեն զուր թափառելուց, 

Սուտ կուռքերի դեմ մոմեր վառելուց, 

Ամեն պարողի ծափահարելուց

Հոգնել եմ արդեն: 

Հոգնել եմ ամեն հովից թեքվելուց, 

Հոգուս մեջ հոգուս ցավը հեգնելուց, 

Ինքս իմ ստվերից ահաբեկվելուց

Հոգնել եմ արդեն: 

Հոգնել եմ հոգնած մարդկանց օգնելուց, 

Կրկնված երգերն անվերջ կրկնելուց, 

Հոգնել եմ նաև այսքան հոգնելուց, 

Հոգնել եմ հոգնել:          

Եվ արժե՞ր արդյոք

…Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

Մի տուն, մի գլուխ պահելու համար,

Ժամանակավոր

Մի անմահություն շահելու համար

Արժե՞ր, որ այդքան կորուստներ տայիր:

Արժե՞ր, որ այդքան ժայռեր փշրեիր

Քարքարոտ մի հուն մտնելու համար,

Պարզ ու նախնական

Մի ճշմարտություն կրկնելու համար,

Մի բուռ ինքնություն գտնելու համար

Արժե՞ր, որ այդքան, այդքան փրփրեիր:

Արժե՞ր, որ այդքան դու քեզ քրքրեիր,

Երբ որ ուժերդ չէին ներելու`

Քո իսկ էության

Փախած բևեռներն իրար բերելու,

Արժե՞ր, որ այդքան հոգսեր կրեիր:

Երբ ամպրոպի պես չէիր պայթելու,

Չէիր վանելու այս մեղկ մարդկության

Եվ մարդու մեղքերն` աշխարհից հեռու,

Արժե՞ր, որ այդքան դու որոտայիր,

Եվ արժե՞ր արդյոք, որ աշխարհ գայիր:

ՕՐԸ ՄԹՆԵՑ

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի: 

Իջնում էին խոհուն, խոնարհ 

Դեզերի ուսին 

Մի կաթնահունց երկնակամար, 

Մի ծերատ լուսին: 

Մեկը մեկից ամաչելով, 

Եվ զուսպ, և հավաք, 

Նստում էին մերոնք կարգով- 

Կրտսեր ու ավագ: 

Նստում էին և սպասում 

Մինչև պապը գար, 

Մինչև բակում Ծաղիկ եզան 

Զանգը ծլնգար: 

Պապը գալիս, սուփրի գլխին 

Նստում էր շուքով, 

Եվ լցվում էր տունը դաշտի 

Բույր ու շշուկով… 

Ու երբ տատս ձեռքն էր առնում 

Շերեփը իր հին, 

Գդալները բնազդաբար 

Աղմկում էին: 

Թանապուրի տաք գոլորշին 

Գերանին առնում 

Եվ սյունն ի վար գլոր-գլոր 

Ուլունք էր դառնում: 

Վայելում էր տաք թանապուր, 

Լավաշ ու սամիթ 

Աշխարավոր մի գերդաստան՝ 

Պարզ ու միամիտ… 

Հիմա այդ մեծ գերդաստանից 

Ոչ մեկը չկա… 

Ես եմ մնում լոկ իբրև հուշ 

Եվ իբրև վկա: 

Օրը մթնեց, ժամն է արդեն 

Իրիկնահացի, 

Տխրությունս կամաց-կամաց 

Փոխվում է լացի:

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы