Հայաստանը սելջուկ-թուրքերի արշավանքների շրջանում

  • Բյուզանդիայի վարած քաղաքականությունը Հայաստանում:

Տիրանալով Հայաստանի մեծ մասին՝ Բյուզանդիան առաջին հերթին ձգտում էր հնազանդ պահել երկիրը: Այդ նպատակով բյուզանդական կառավարիչներն աշխատում էին թուլացնել Հայաստանի ռազմական ուժերը: Հայ իշխաններին ընդարձակ կալվածքներ էին տալիս, տիտղոսներ շնորհում և տեղափոխում կայսրության խորքերը: Հայաստանում մնում էին միայն բյուզանդացիներին հավատարիմ հայ ազնվականները: Բնակչությունը պարտավոր էր բազմազան հարկեր վճարել, մասնակցել բերդերի ու քաղաքների պարիսպների ամրացմանը, ճանապարհների անցկացմանը: Բյուզանդական պաշտոնյաները կեղեքում էին երկիրը: Բյուզանդացիները ջանում էին վերահսկել Հայոց եկեղեցուն և ամեն առիթով միջամտում էին նրա ներքին գործերին: Կայսրությունը, հասկանալով, որ կաթողիկոսությունը կարող էր համախմբել հայերին և դուրս բերել Բյուզանդիայի դեմ, դիմում էր կանխարգելիչ քայլերի: Այսպես, Անիի գրավման ժամանակ բյուզանդացիներին մեծ ծառայություն մատուցած Պետրոս Գետադարձ կաթողիկոսը կանչվեց Կոստանդնուպոլիս: Նա մի քանի տարի ապրեց կայսրության մայրաքաղաքում, բայց նրան այդպես էլ չթույլատրեցին վերադառնալ Անի: Նույնը կատարվեց նաև հաջորդ կաթողիկոսների հետ: Բյուզանդական կայսրությունը նրանց արգելում էր հաստատվել և գործել Հայաստանում: Բյուզանդացիները հայ իշխաններին ստիպում էին հրաժարվել հայոց դավանանքից: Նրանք մտադիր էին հարկի տակ դնել հայկական եկեղեցիներն ու վանքերը: Հայաստանի համար ամենաաղետալին այն էր, որ բյուզանդացիները փորձում էին վերացնել հայկական զինուժը: Կայսրությունն սկսեց բնակչությունից զինվորական հարկ գանձել: Այսպիսով, Հայաստանը փաստորեն բախտի քմահաճույքին էր թողնված, ինչը սելջուկ-թուրքերին հնարավորություն տվեց անպատիժ ասպատակելու երկիրը:

  • Ներկայացնե՛լ սելջուկ-թուրքերին:

Սելջուկ-թուրքերի նախնիներն ապրում էին Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում և Միջին Ասիայում: Նրանք զբաղվում էին քոչվորական անասնապահությամբ և տեղից տեղ էին շարժվում իրենց ընտանիքների ու հոտերի հետ միասին: Թուրքերի մի մասը, իրենց առաջնորդ Սելջուկի ժառանգների ղեկավարությամբ, XI դ. սկզբներին գրավեց Պարսկաստանը և մոտեցավ Հայաստանի սահմաններին:

  • Սելջուկ-թուրքերի արշավանքներն ինչպիսի՞ իրավիճակ էին ստեղծել Հայաստանում:

Սելջուկ-թուրքերի առաջին երեք արշավանքները հետախուզական բնույթ էին կրում: Իրադրությունը փոխվեց, երբ սելջուկ-թուրքերի պետության տիրակալ դարձավ Ալփասլան սուլթանը: 1064թ. նրա գլխավորած բանակը ներխուժեց Հայաստան և Վրաստան: Բյուզանդական զորքերն այս անգամ ևս դիտողի դերում էին: Երբ սելջուկները պաշարեցին Անին, քաղաքի բյուզանդական կայազորը քաշվեց միջնաբերդ և անտեր թողեց բնակչությանը: Թշնամին փլատակների կույտի վերածեց ծաղկուն քաղաքը: Կարսի, Սյունիքի և Տաշիր-Ձորագետի թագավորները հպատակություն հայտնեցին սելջուկ-թուրքերին և փրկվեցին ավերածություններից: Այսպես նվաճվեցին Այրարատյան դաշտը և Հայաստանի հյուսիսային շրջանները:1071թ. բյուզանդացիները վերջապես փորձեցին կասեցնել սելջուկ-թուրքերի սպառնալից առաջխաղացումը և մեծ զորքով շարժվեցին դեպի արևելք: Բյուզանդացիների և սելջուկ-թուրքերի միջև բախտորոշ ճակատամարտը տեղի ունեցավ Մանազկերտի մոտ: Այն ողբերգական վախճան ունեցավ կայսրության համար: Բյուզանդացիները հսկայական կորուստներ կրեցին, գերի ընկավ նույնիսկ կայսրը: Շուտով բյուզանդացիները հարկադրված ընդունեցին իրենց պարտությունը և հաշտություն կնքեցին սելջուկ-թուրքերի հետ: Կայսրությունն ստիպված էր թշնամուն հանձնել ամբողջ Փոքր Ասիան: Մանազկերտի ճակատամարտից հետո նվաճվեցին Հայաստանի հարավային ու արևմտյան շրջանները, որոնք մինչ այդ չէին ենթարկվել ավերածությունների: Ամբողջ Հայաստանը ներառվեց սելջուկների հսկայածավալ սուլթանության մեջ: Սելջուկ-թուրքերի արշավանքների և տեղաշարժերի հետևանքով խիստ տուժեց Հայաստանի գյուղատնտեսությունը: Հատկապես ծանր վիճակում հայտնվեցին քաղաքները: Անկում ապրեցին միջազգային տարանցիկ առևտուրը և արհեստագործությունը: Հայ իշխաններն ու ազատները զրկվեցին իրենց հողային տիրույթներից: Հայոց այրուձին ցրվեց ու ժամանակի ընթացքում հեռացավ օտար երկրներ: Մշտական կռիվների և տնտեսական անկման պատճառով հայության մի ստվար հատված թողեց հայրենիքը: Սկսվեց արտագնացությունը կամ գաղթը դեպի հարևան երկրներ՝ գլխավորապես Բյուզանդիայի խորքերը՝ Փոքր Հայք, Կապադովկիա և Կիլիկիա: XI դ. Հայաստանին վիճակված արհավիրքները ողբերգական հետևանք ունեցան նաև կաթողիկոսական աթոռի համար: Քաղաքական անապահով վիճակից դրդված Հայոց հայրապետները շարունակ տեղից տեղ էին դեգերում և մշտական նստավայր չունեին: Այդ պատճառով Հայոց եկեղեցու հովվապետներն ապրում էին հայրենի երկրից հեռու, փոքրասիական զանազան քաղաքներում, մինչև որ վերջապես հանգրվանեցին Կիլիկիայում:

  • Վերլուծե՛լ հայ-վրացական զինակցությունն ընդեմ սելջուկ-թուրքերի:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы